26/10/2024 09:49
«Հրապարակ». Ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դեսպանների հերթական ռոտացիան տեղի ունեցավ. Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հետ կանչվեց Իտալիայից և գործուղվեց Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը` Բուլղարիա: Նրա փոխարեն նշանակվեց Փաշինյանի «լյուբիմչիկ» Վլադիմիր Կարապետյանը։ Դիվանագիտական շրջանակներում չարախնդում են, որ «Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները»:
Սերժ Սարգսյանի ժամանակ նախագահականում աշխատած, կրթությամբ արևելագետ Համբարձումյանը 2018-ին արագ ճամբարափոխ եղավ` նշանակվելով Փաշինյանի կառավարության արտաքին կապերի վարչության պետ, իսկ 2020-ին՝ Իտալիայում ՀՀ դեսպան: Ասում են՝ նա աջակցել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական վարույթներին և անգամ որդեգրումների գործով է փորձել ամեն ինչ անել, որ «միշիկական» հետքը հաստատվի: Մասնավորապես՝ Ֆլորենցիայում Մինասյանի հյուրանոցի փաստը, մեր տեղեկություններով, նրա օգնությամբ է բացահայտվել: Բայց, ինչպես տեսնում ենք, սա առաջին դեպքը չէ, որ ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են»։