27/10/2024 13:10
Կան շատ մարդիկ, որոնք շարունակում են մնալ «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման համար որպես բանալի. Քոչարյան
Միայն Եռաբլուր այցելելով, Վազգենի շիրիմին գալով էլ զգում ես նրա ուժը, ուժ ես ստանում: Այստեղ զորքն է Վազգենի, ինքն էլ՝ իր զորքի գլխին: Այս վայրը մեզ միշտ սթափ մնալու հնարավորություն է տալիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Խոսելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման մասին, Քոչարյանը նշեց, որ ինքը մինչ այս տարի ակնկալում էր, որ գոնե հոկտեմբերի 27-ի 25-ամյակի աս գործը լիարժեք բացահայտված կլիներ և արդյունքները խիստ մտահոգիչ են. «Հոկտեմբերի 27-ի քննչական խմբի թողած ժառանգությունը, հատորների տեսքով, տալիս էր այդ հնարավորությունը: Պատահական չէ, որ նախկինում իշխանությունները ինչ-ինչ պատճառներով այդ գործընթացը սառեցրեցին, դատավարությունն էլ մկրատով կտրեցին:
Ո՞ւր է պարոն Ուզունյանը, այս հարցը պետք է գլխավոր դատախազին հուզի: Ոնց եղավ, որ նա անհետացավ: Նա անհետացել է: Իհարկե, առանց պատվերի դա չէր լինի, ո՞ւր է Ալիկ Հարությունյանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, որևէ մեկը լսե՞լ է այդ մարդու մասին, կարևորագույն վկա է: Կան առանցքային վկաներ, որոնք այսօր չկան, մի մասը մահցավ անհասկանալի հանգամանքներում, բայց կան շատ մարդիկ, որոնք շարունակում են մնալ այս գործի բացահայտման համար որպես բանալի: Ես ակնկալում եմ, որ նոր գլխավոր դատախազը այս գործի բացահայտումով կկանխի հետագա այսպիսի ցանկությունները: