28/10/2024 14:03
Եթե 3 ամսում Գյումրու ավագանին նիստ չգումարի, ավագանին կլուծարվի և արտահերթ ընտրություններ կլինեն. Լևոն Բարսեղյան
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրու քաղաքային իշխանության շուրջ զարգացումներին՝ տեղեկացնելով, որ Գյումրու համայնքապետարանի Բալասանյան դաշինքի պաշտոնյաներն այսօր հրաժարականներ են տալիս, խմբակցության 14 անդամները՝ նույնպես:
«Ավագանին մնում է 33 մանդատով, որոնցից 14-ը թափուր է մնալու, որովհետեւ խմբակցության թեկնածուական ցուցակի 6 հոգուց 5-ը արդեն հրաժարվել են թեկնածուական կարգավիճակից, իսկ մեկն արտասահմանում է:
Հարց է, թե նոր համայնքապետի ընտրության համար հնարավոր հրավիրվելիք ավագանու նիստին «Զարթոնք» (3 հոգի), «Ապրելու երկիր» (2 հոգի), ՀՀԿ (2 հոգի) խմբակցությունների ավագանու անդամները եւ ավագանու 1 անկախ անդամը կմասնակցե՞ն ու քվորում կապահովե՞ն նոր համայնքապետ ընտրելու համար, թե՞ չեն մասնակցի: ՔՊ-ն ունի 33-ից 11 տեղ ավագանու կազմում, ինքնուրույն ավագանու նիստ հրավիրել կարող է, բայց գումարել չի կարողանա, եթե նիստին չմասնակցի ավագանու առնվազն 17 հոգի:
ա. Եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին Գյումրու ավագանին նիստ չգումարի, ավագանին կլուծարվի եւ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն:
բ. Եթե համայնքի ղեկավար ընտրելու համար, այնուամենայնիվ, նիստ գումարվի եւ համայնքապետ չընտրվի, ավագանին այս դեպքում էլ է լուծարվելու:
գ. Եթե նիստ գումարվի, այսինքն՝ գոնե 17 հոգի մասնակցի նիստին, երկրորդ փուլով կարող է ընտրվել համայնքի ղեկավար: Այս սցենարը հնարավոր է այն դեպքում, եթե փոքրաթիվ անդամներով խմբակցությունները պաշտոնների համար կամ չհայտարարվող պատճառով միավորվեն ՔՊ հետ (տեղակալների կամ այլ պաշտոններ ստանան, եւ այլն):
գ1. Քիչ հավանական է, բայց կարող է փոքրաթիվ անդամներով խմբակցությունների որոշ անդամները ելնեն խմբակցություններից, դառնան անկախ անդամ, ապա սկսեն համագործակցել ՔՊ հետ եւ նիստ գումարելուն օգնեն, պաշտոն ստանան կամ չստանան: Օրինակը՝ անցած տարի Երեւանի քաղաքապետ ընտրելու պատմությունն է»,-գրել է նա: