28/10/2024 13:48
«Եթե Վրաստանը փակի ֆրանսիական զենքի համար դեպի ՀՀ իր տարածքը, մեղքը կրելու են ջավախահայերը և ՀՀ իշխանությունները»․ վրացական ընտրությունների ազդեցությունը՝ ՀՀ-ի վրա
Թե ինչ կատարվեց Վրաստանում, իմ տեսակետից՝ ոչինչ, ամեն ինչ հենց նոր է սկսվում. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Վրաստանի ընտրություններին։
«Փաստորեն, իշխանությունը զավթած «Վրացական երազանքը» նույն միջոցներով՝ կեղծիքներով պահպանեց իշխանությունը։ Սակայն մենք տեսնում ենք, որ ժողովրդի զգալի, ակտիվ մասը զայրացած է, ընդդիմությունը, թեև, ուշացումով, բայց միավորվել է՝ հրաժարվելով մտնել խորհրդարան և նրանք ունեն օրինական առաջնորդ՝ Սալոմե Զուրաբաշվիլին։ Եթե ավելացնենք միջազգային ժողովրդավարական հասարակության աջակցությունը, կարելի է ենթադրել բավական հստակ, որ ամեն ինչ նոր է սկսվում և ռուսամետ իշխանությունը չի մարսելու այս ժամանակավոր և պյուռոսյան հաղթանակը»,-ասաց նա։
Խզմալյանի խոսքով՝ իրավիճակը փակուղի է իշխող կուսակցության համար, որովհետև ԱՄՆ-ն և Եվրոպան չեն ճանաչում այդ արդյունքները, իսկ ԱՄՆ պետքարտուղարի կարճ նամակն, ըստ նրա, կարելի է գնահատել որպես վերջնագիր։ «Հստակ գրված է, որ Վրաստանը պարտավոր է շարունակել իր ժողովրդի ընտրությունը դեպի ԵՄ և եվրոպական քաղաքակրթություն»,-ասաց նա։
Հարցին, թե տեղի՞ն են արդյոք այն դիտարկումները, որ այս ընտրությունը ցուցիչ էր տարածաշրջանի համար, որը գնում է դեպի Ռուսաստան՝ Եվրոպական կուսակցության ղեկավարը նշեց, որ այն փորձ է և երկարատև ազդեցություն չի կարող մնալ։
«Հայաստանի համար բավական մտահոգիչ է, մյուս կողմից էլ տարածաշրջանում շանս է։ Նկատի չունեմ Հարավային Կովկասում, մեր տարածաշրջանը Հարավ-արևելյան Եվրոպան է, որն իր մեջ ընդգրկում է Մոլդովան, Ուկրաինան, Հայաստանն ու Վրաստանը։ Այդ տարածաշրջանում մենք, այո՛, իսկապես կարող էինք դառնալ ժողովրդավարության առաջնորդ, սակայն վարչապետ Փաշինյանի շատ անհաջող և շտապողական արձագանքը, որը շտապեց Օրբանի և Ալիևի հետ շնորհավորել բավական խնդրահարույց ընտրությունները, կոպիտ քաղաքական և դիվանագիտական սխալ էր և, կարծես, թուլացնում է մեր այդ հնարավորությունը»,-ասաց նա։
Քաղաքական գործիչը նկատեց, որ Արևմուտքը հստակ տարբերություն է դնում ՀՀ իշխանության և ժողովրդի միջև։
«Հիմա Փաշինյանի մասին նախկին պատրանքներն Արևմուտքում այլևս չկան»,-ասաց նա և նշեց, որ ԵՄ-ին միանալու իրենց ստորագրահավաքը ոչ միայն տեղին և ժամանակին էր, այլև աշխարհաքաղաքական կարևոր դեր է խաղում. «Հիմա ՀՀ-ն այս մռայլ ֆոնի վրա շատ ավելի ժողովրդավարական է երևում»։
Ինչ վերաբերում է վրացական ընտրությունների ազդեցությանը ՀՀ-ի վրա՝ Խզմալյանը մեջբերեց իր գործընկերներից մեկի խորիմաց ակնարկը. «Եթե Վրաստանը վաղը փակի ֆրանսիական զենքի համար դեպի ՀՀ իր տարածքը, ինչը պահանջում է ՌԴ-ն, ապա այդ ողբերգության համար իրենց մեղքի բաժինը կրելու են և՛ Ջավախքի հայերը, որոնք մեծամասաբ քվեարկել էին Իվանիշվիլիի՝ պրոռուսական կուսակցության համար, և՛ մասամբ հայոց իշխանությունները, որոնք շտապեցին շնորհավորել պրոռուսական այդ կուսակցությանը»։