28/10/2024 16:45
Քաղաքացիական կյանքից զինվորական ծառայություն են բերում նաև արատավոր բարքեր. մեծ մասն արմատախիլ է արվում, սակայն լիովին խուսափել չի հաջողվում. Թորոսյան
Զորամասերում շուրջօրյա ռեժիմով իրականացվում են աշխատանքներ, նաև ռիսկային խմբերում գտնվող զինծառայողների հետ տարվում են մի շարք աշխատանքներ, ԱԺ-ում անդրադառնալով այն հարցին, թե ինչ է անում ՊՆ-ն բանակում միջանձնային հարաբերությունների պատճառով սպանությունները կանխելու համար՝ ասաց ՊՆ մամուլի խոնակ Արամ Թորոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մշակվել և գործածության մեջ են դրվել ինքնասպանության և ինքնախեղումների կանխարգելման, ինչպես նաև զինծառայողների միջև ոչ կանոնակարգային փոխհարաբերությունների կարգավորման մեթոդական ձեռնարկներ.
«ԶՈՒ-ում հավաք-խորհրդակցությունների ժամանակ առանձնակի ուշադրություն է դարձվում զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման, ինչպես նաև դիտակետում, դիրքում, հենակետում քնած զինծառայողների նկատմամբ ոչ կանոնակարգային դեպքերին։ ԳՇ պետի հրամանով պարբերաբար աշխատանքներ են իրականացվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմերի հետ։ Ինքնասպանությունների և ինքնախեղումների կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու համար նախատեսվում է մշակել և ԶՈՒ սպա-հոգեբանների, հրահանգիչների համար գործողության դնել ինքնասպանության ռիսկի գնահատման, կանխարգելման և կառավարման ուսուցման ծրագիր-ձեռնարկը։ Նրանց հետ նաև անցկացվում են սեմինարներ, թեմատիկ դասընթացներ»։
Թորոսյանի խոսքով՝ բանակը փակ կառույց է և քաղաքացիական կյանքից ցանկացած ոք, ով անցում է կատարում զինվորական ծառայության, իր հետ բերում է նաև բարքեր, այդ թվում՝ արատավոր.«Իհարկե, բանակը լինելով փակ համակարգ, այդ արատավոր բարքերի մեծ մասն արմատախիլ է արվում և մի զգալի հատված չեզոքացվում է։ Այդուհանդերձ, լիովին խուսափել այդ թափանցումից, չի հաջողվում։ Սա բացառապես ինքնաարդարացման փորձ չէ, մենք ինքնաարդարացմամբ զբաղվելու որևէ նպատակ չունենք, այլ շատ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում նմանատիպ դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։ Մեզ համար հավասարաչափ ցավալի են թե՛ այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել ծառայության ընթացքում, թե՛ ծառայությունից դուրս»։
Հարցին՝ քանի՞ հոգի է պատասխանատվություն կրել բանակում նման դեպքերի համար՝ Թորոսյանը պատասխանեց, որ մեծ մասի վերաբերյալ հարուցված են վարույթներ.«Դրանք ընթացքում են։ Որևէ թվային տվյալ այդ մասով չեմ կարող ներկայացնել»։