28/10/2024 11:46
ՀՀ-ում չկա մի ընտանիք, որի համար պետական բյուջեից հասցեական ծախս չի արվում. Վարչապետ
ՀՀ-ում չկա մի ընտանիք, որի համար պետական բյուջեից հասցեական ծախս չի արվում, ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրինակ, 500 հազարից ավելի թոշակառուներ թոշակներ են ստանում պետական բյուջեից, բոլոր ուսուցիչները, զինվորականները աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, բոլոր դպրոցները կառուցվում ու սպասարկվում են պետական բյուջեից, բոլոր ճանապարհները կառուցվում ու սպասարկվում են պետական բյուջեից, տասնյակ հազարավոր ընտանիքներ բնակարան ձեռ բերելիս հավելյալ ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից՝ եկամտահարկը և տարբեր ծրագրեր, հարյուր հազարավոր քաղաքացիներ պետական պատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ են ստանում, որոնք վճարվում են պետական բյուջեից, տասնյակ հազարավոր քաղաքացիներ վարկեր են ստանում, խոսքը սուբսիդավորման մասին է, որոնց վարկային տոկոսադրույքներն ամբողջությամբ վճարվում են պետական բյուջեից, տասնյակ հազարով անապահով ընտանիքներ նպաստներ են ստանում պետական բյուջեից։ Ընդ որում, ընտանիքներ կան, որոնք ընդհանրապես չեն աշխատում, ոչ մի բան չեն անում, բայց նպաստ են ստանում։ Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարճ ասած՝ երկրում չկա գեթ մեկ ընտանիք, որի կարիքները հոգալու համար ծախս չի արվում պետական բյուջեից»,-շեշտեց Փաշինյանը։
Եվ, հետևաբար, ըստ վարչապետի, ՀՀ պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է.«Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության գործիք է՝ կրկին այն ըմբռնմամբ, որ բարեկեցության բաղադրիչ են ոչ միայն կենցաղային հարմարավետությունը, այլև ազատությունը, արդարությունը, առողջապահությունը, արտաքին և ներքին անվտանգությունը, հագեցած մշակութային կյանքը»։
Նա նշեց, որ պետք է թույլ չտալ, որ բարեկեցության մասին խոսակցությունը մարդիկ փորձեն մեկնաբանել իբրև «ուտելու» պրոցեսի քարոզչություն.«Հայտնի հանգամանքների բերումով՝ մեզ մոտ ծայրահեղականացված դրսևորումներ կան։ Միջազգային հարթակներում շատ է հնչում այն միտքը, որ սննդին հասանելիությունը մարդու ամենահիմնարար իրավունքներից մեկն է, և պետք չէ այն բաժանել հոգևոր ու նյութական բաղադրիչների»։
Փաշինյանը շեշտեց՝ հնարավոր չէ ունենալ համընդհանուր բարեկեցություն, առանց պետական բյուջեի.«Որքան մեծ է պետական բյուջեն, այնքան մեծ է համընդհանուր բարեկեցությունը։ Իսկ պետական բյուջեն մեծ է այնքան, որքան արդյունավետ ու թափանցիկ են աշխատում երկրի քաղաքացիները և բնակիչները»։