28/10/2024 10:49
Փաշինյանն ԱԺ-ում բացատրում է, թե ինչ է պետական բյուջեն և ինչպես է այն ձևավորվում
Ուզում եմ պետական բյուջեի քննարկումները սկսել մի ընկալումից, որը հատվածական հաճախ ենք քննարկել, բայց համակարգված քննարկելու առիթ երբեք չենք ունեցել, ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագիծը քննարկելու ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ քննարկման համար առաջարկելու է մի քանի կարգախոս-բանաձևեր, որոնք առաջարկել է 2018 թվականի հեղափոխությունից առաջ և հետո.«Առաջինը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։
Երկրորդը՝ «Հարստացիր և հարստացրու»։
Երրորդը՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես»։
Չորրորդը՝ «Հայրենիքը պետություն է։ Սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»։
Հինգերորդ՝ «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»։
Այս բոլոր բանաձևերն ուզում եմ դնել իրական Հայաստանի հայեցակարգի մեջ և այդ դիտանկյունից մեկնարկել բյուջետային քննարկումները՝ այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերում է ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլև՝ ՀՀ պետական բյուջե հասկացությանը, ընդհանրապես։
Եվ ուրեմն. ի՞նչ է ՀՀ պետական բյուջեն։ ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է։ Երկրում կան տարբեր բյուջեներ՝ համայնքային, որը ձևավորվում է ավագանիների հետ, մասնավոր կազմակերպությունների բյուջեներ, որ լուրջ կազմակերպությունները մանրամասն ձևավորում և քննարկում են ամեն տարի։ Կան նաև ընտանեկան բյուջեներ։
Չեմ կարծում, որ Հայաստանում շատ են այն ընտանիքները, որ հաշվարկում, նախապես պլանավորում իրենց տարեկան եկամուտներն ու անհրաժեշտ ծախսերը, ինչպես նաև անհրաժեշտ ծախսերին չհերիքող ծախսը, որը կոչվում է դեֆիցիտ։ Բայց եթե մեր ընտանիքներում բյուջետային հաշվարկի փաթեթներ չկան, դա չի նշանակում, որ ընտանեկան բյուջեներ չկան»։
Փաշինյանի դիտարկմամբ՝ ընտանեկան բյուջեն թուղթ չէ, այլ այն, թե տարվա ընթացքում յուրաքանչյուր ընտանիք որքան եկամուտ է ստանում աշխատանքային գործունեության ընթացքում, որքան է ծախսում և ինչ անհրաժեշտ ծախսի համար միջոցները չեն հերիքում ու նա ստիպված է լինում մտածել՝ ինչպես լրացնի այդ չհերիքող մասը.
«Ասենք, օրինակ՝ պարտք վերցնելո՞վ կամ որևէ ունեցվածք վաճառելո՞վ կամ գրավ դնելո՞վ, թե՞ ասենք՝ ավելի շատ աշխատելով։
«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայեցակարգային տրամաբանությամբ ահա Հայաստանի բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է, քանի որ այն ձևավորվում է մեր բոլորիս՝ ՀՀ-ում ապրող և գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացիների և պարզապես բնակիչների աշխատանքի ու գործունեության արդյունքում։ Ու, չնայած բյուջեի ծավալուն նախագիծը կառավարությունն է գրում, պատրաստում ու բերում ԱԺ, պետական բյուջեի եկամուտները կախված են նրանից, թե մեզանից յուրաքանչյուրը որքան, ինչ արդյունավետությամբ ու թափանցիկությամբ է աշխատում։
Սա ամենևին էլ այլաբանություն չէ, այլ ուղիղ իրականություն, որովհետև պետական բյուջեի եկամուտները ձևավորվում են մեր եկամտային հարկից, որը ձևավորվում է միայն այն պատճառով, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ 768 քաղաքացիներ աշխատում են, աշխատավարձ ստանում ու եկամտային հարկ վճարում։ Եկամտային հարկն առավելապես աշխատավարձի ձևավորման արդյունքում ձևավորվող տեսակ է։ Բյուջեի եկամուտները ձևավորվում են նաև ԱԱՀ-ից և ակցիզային հարկից, որոնք ձևավորվում են միայն այն պատճառով , որ աշխատող, աշխատավարձ ու այլ եկամուտներ ստացող մարդիկ ծառայություններ և այլ ապրանքներ են ձեռք բերում, ինչի արդյունքում ԱԱՀ և ակցիզային հարկ է գոյանում։ Այս մարդիկ կենսաթոշակներ են ստանում ավելի քան 768 հազար աշխատողների վճարած հարկերի շնորհիվ»։