28/10/2024 13:16
Բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակ ենք ունենալու 2025-ին. Հովհաննիսյան
2025 թվականին պետական ծախսերը կլինեն 3 տրիլիոն 482մլդ դրամ, եկամուտները՝ 2 տրիլիոն 873 մլդ դրամ, դեֆիզիտը՝ 609 մլդ դրամ, Աժ-ում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հարկային եկամուտները կլինեն 25 տոկոս ՀՆԱ-ի շրջանակներում, պետական բյուջեի ծախսերը՝ 31.5 տոկոս, որից ընթացիկը 24.9-ը, կապիտալ ծախսերը՝ 6.8, իսկ ոչ ֆինանսական ակտիվներից մուտքերը՝ 0.1։
«2024 թվականի նկատմամբ 2025-ին ՊՆ-ին ավելի գումար կհատկացվի՝ 110մլդ դրամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ևս՝ 110մլդ դրամ, Ֆինանսների նախարարությանը պարտքի սպասարկման համար՝ հավելյալ 46 մլդ դրամ, ԲՏԱ-ին՝ 22մլդ դրամ, ԿԳՄՍ-ին՝ 16մլդ դրամ, ՆԳՆ-ին՝ 14մլդ դրամ, ԱԱԾ-ին՝ 9մլդ դրամ, ՊԵԿ-ին՝ 6.6մլդ դրամ, և այսպես շարունակ։ Մենք նվազումներ ունենք․ ՏԿԵ-ում՝ 18մլդ դրամ, Էկոնոմիկայի նախարարությունում՝ 11մլդ դրամ, Առողջապահության նախարարությունում՝ 5.3մլդ դրամ»։
Նախարարը շեշտեց, որ 2024 թվականի համար ունենալու ենք 275մլդ դրամ ավել ծախսելու հնարավորություն.«Այստեղ ընթացիկ ծախսերը կավելանան 238մլդ դրամով և կապիտալ ծախսերը՝է 38մլդ դրամով»։
Նախարարը հավելեց՝ նախատեսում են, որ 2024 թվականի վերջում կունենան 50 տոկոսին մոտ պետական պարտք, իսկ 2025 թվականի ավարտին պետական պարտքը կհասնի 53.5 տոկոսի՝ կլինի 5 տրիլիոն 914մլդ դրամ.«Սա պայմանավորված է բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակով, որն ունենալու ենք 2025 թվականին։ Պարտքի սպասարկման համար բյուջեի ծախսերը 11.2 տոկոսից կավելանան 11.3 տոկոս»։