28/10/2024 09:44
Ս. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օրն է
Անաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և Քրիստոսի խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով Տիրոջ Խաչի միջոցով կատարվող հրաշքները, դարձի է գալիս: Ապա Երուսաղեմ է գնում, մկրտվում Մոդեստ պատրիարքի կողմից` վերակոչվելով Անաստաս, և որպես վանական մտնում է Ս. Սաբայի վանք: Քարոզելու առաքելությամբ Պաղեստինյան Կեսարիա գնալով, որ գտնվում էր պարսիկների իշխանության ներքո, նա մոգերի է հանդիպում և փորձում նրանց քրիստոնյա դարձնել, սակայն ձերբակալվում է: Պարսից Խոսրով արքան խոստանում է ազատել նրան, եթե թեկուզ մեկ մարդու մոտ ձևական հրաժարվի Քրիստոսից, բայց ի պատասխան լսում է սրբի ազդու խոսքը. «Ոչ ոքի առջև, ո՛չ ուրիշի, ո՛չ բացահայտ, ո՛չ գաղտնի, ո՛չ խոսքով, ո՛չ մտքով, ո՛չ անգամ քնի մեջ ես չեմ ուրանա իմ Փրկչին»: Նրան տանում են Պարսկաստան և կտտանքների ենթարկելով գլխատում 70 այլ քրիստոնյաների հետ: Հերակլ կայսեր (610-641) օրոք նրա մասունքները տեղափոխվում են Կ.Պոլիս և Հռոմ:
Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 մենակյացները ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան:
Թեոդիտեն ու նրա որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304թ.: Թեոդիտեն այրի բարեպաշտ կին էր, ով բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակների հետ, և նրանց դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության առաջարկ է անում, սակայն մերժվում է: Այս բանի համար նրա աչքի առաջ զավակներին չարաչար տանջում են, սակայն նրանք քաջաբար դիմանում են և չեն ուրանում իրենց հավատը: Ի վերջո, բոլորին կրակն են նետում: