28/10/2024 14:12
2025 թվականի ՀՀ բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա հիմնականում կունենան զսպող ազդեցություն. ԿԲ նախագահ
2025 թվականի համար ծրագրավորվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ընթացիկ տարվա սպասվող ցուցանիշի համեմատ 0,7 տոկոսային կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 25 տոկոսը, ԱԺ-ում այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Գնահատվում է, որ 2025 թվականի ՀՀ բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա հիմնականում կունենան զսպող ազդեցություն:
«Նախանշված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2025 թվականին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի մեծ չափով` 3,2 տոկոսային կետով եւ կկազմի 53 տոկոս: Հարկ է նշել, որ միջնաժամկետում` բյուջեի պակասուրդի մակարդակի նվազմանը համահունչ, պարտքի աճի տեմպը եւս կնվազի եւ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կմնա կայուն` 54,6 տոկոսի շրջանակում»,- մանրամասնել է ԿԲ նախագահը:
Նրա դիտարկմամբ՝ պարտքի կայունության ապահովման, կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից կարեւոր է շեշտադրել սեփական միջոցների հաշվին պետական ծախսերի իրականացման, ինչպես նաեւ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համատեքստում պարտքի կառավարման համարժեք եւ արդյունավետ ռազմավարության կիրառումը:
Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ կառավարության գործընկերների հետ սկսվել են քննարկումները գնաճի նոր թիրախի սահմանման վերաբերյալ եւ արդյունքների վերաբերյալ կտեղեկացնեն ԱԺ գործընկերներին:
ԿԲ-ի 2025 թվականի կապիտալ ներդրումների ծրագիրը կազմում է 8 մլրդ դրամ: Եկող տարվա բյուջեում ԿԲ-ն նախատեսել է մի քանի նոր նախագծեր: