28/10/2024 17:57
ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության համաձայնագրեր է կնքել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի հետ
Հոկտեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կնքվել են համագործակցության համաձայնագրեր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի միջև։ Նպատակն է ամրապնդել համագործակցությունը գիտական, տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներում։
Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաձայնագրերը ստորագրել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ, Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Անդրեյ Ռուդսկոն։
ՀՀ ԳԱԱ նախագահը, շնորհավորելով գործընկերներին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 300-ամյա հոբելյանի առթիվ, նշել է, որ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գիտական կազմակերպությունների և գիտնականների միջև ներկայում հաջողությամբ զարգանում է։
«ՀՀ ԳԱԱ ինստիտուտները երկար տարիներ համագործակցում են Սանկտ Պետերբուրգի ինստիտուտների հետ ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում։ Այսօր այդ փոխգործակցությունը կամրապնդվի համաձայնագրով, որը լրացնում է ՌԳԱ-ի և ՀՀ ԳԱԱ-ի միջև նախկինում ստորագրված գիտատեխնիկական համագործակցության մասին փաստաթուղթը։ Համաձայնագրին կցված է ճանապարհային քարտեզ, որը ներառում է համագործակցության ոլորտներն ու թեմաները», - ասել է Աշոտ Սաղյանը։
Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով շեշտել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական փոխգործակցության կարևորությունը գիտական և կրթական ոլորտներում։ «Այս փաստաթղթերը և դրանց իրագործումը նպատակ ունեն ընդլայնել այդ փոխգործակցությունը։ Ռուսաստանի ավելի քան 25 առաջատար գիտական հաստատությունների ու կազմակերպությունների և Հայաստանի ավելի քան 30 գիտական ինստիտուտների և կենտրոնների գիտնականները սերտ համագործակցությամբ կաշխատեն լուծել բարդ խնդիրներ։ Այս փոխգործակցությունը լավ օրինակ է, թե ինչպիսի մոտեցում պետք է լինի մեր երկրների հարաբերություններում մի կողմից, իսկ մյուս կողմից՝ հարմարեցնելու կուտակված ներուժը նոր կարիքների և նոր իրողությունների համար։ Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի ղեկավարությանը երկկողմ գիտակրթական համագործակցության ոլորտում բարձր տեխնոլոգիական նախագծերի նախաձեռնման և խթանման համար», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։
ՌԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ, Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Անդրեյ Ռուդսկոն նշել է. « Վստահ եմ՝ այս փաստաթղթերի ստորագրումը կարևոր քայլ կլինի Հայաստանի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, որի հետ մեզ երկար տարիներ միավորում է եղբայրական պատմությունը»