28/10/2024 12:03
Վաղարշապատում հուշարձանի մոտ քաղաքացին թողել էր 5426 փամփուշտ, հրացան, նռնակի 51 պայթուցիչ, նռնակ ու ռազմամթերք
ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են կատարում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վաչություն ներկայացած տղամարդը կամավոր հանձնել է ինքնաշեն ակոսափող հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և ռազմամթերք։
Արդյունավետ է եղել նաև ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի, 2 «Ֆ-1» և 1 «ՌԳԴ-5» տեսակի նռնակների ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։
Ակոսափող հրազենի կամավոր հանձնում է եղել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնում։
Վաղարշապատի բաժնի ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 22-ի ցերեկը Ինքնաթիռի թևեր կոչվող հուշարձանի մոտ մի քաղաքացի թողել էր նռնականետ, նռնականետի մարտական գլխիկներ, տարբեր տրամաչափի 5426 փամփուշտ, որսորդական ողորկափող հրացան, նռնակի 51 պայթուցիչ, առանց պայթուցիչի՝ 3 և պայթուցիչով՝ 1 նռնակ ու ռազմամթերք։
«Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար», - ասում են Ոստիկանությունից։