29/10/2024 09:43
«Հրապարակ». Ինչու են մարդիկ վերջին օրերին 100 դրամանոցների «որս»-ով զբաղված
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 1-ից Երևանի քաղաքային տրանսպորտով երթևեկելու համար մարդիկ պարտադիր պետք է 100 դրամանոց ունենան իրենց մոտ կամ QR կոդով վճարելու հնարավորություն: Եվ այս խնդիրը շատերին է անհանգստացնում: Մարդիկ վերջին օրերին 100 դրամանոցների որսով են զբաղված` խանութներից, բանկերից, կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները: Անգամ իրար հետ մրցում են` ես կես կիլո ճարել եմ, ես 40 հատ ունեմ:
Մարզերում ապրող իրենց ընկեր-բարեկամներին եթե առաջ խնդրում էին` ընկույզ, մեղր, աշնան դեղձ բերել իրենց, հիմա խնդրում են 100 դրամանոցներ հավաքել և քաղաք գալիս բերել: Բայց առաջիկայում ուրիշ խնդիրներ էլ են առաջանալու: Օրինակ` «Թել-սելի» վճարային ապարատն ու 100 դրամանոցի ապարատն ավտոբուսի նույն հատվածում չեն: Այսինքն՝ ավտոբուս բարձրանալիս կուտակումներ են առաջանալու, և իրար խանգարելու են QR կոդով ու 100 դրամանոցով բարձրացողները»։