29/10/2024 10:54
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի 6 քաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ: Կարևորվել է առաջիկայում Լիոն քաղաքում կայանալիք Օվերնյ-Ռոն-Ալպեր-Հայաստան-Սյունիք միջոցառման հաջող անցկացումը, ինչպես նաև գալիք տարի Գորիս քաղաքում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ նիստի կազմակերպումը:
Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը կարևորել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ներառյալ Հայաստան-ԵՄ գործընկերությունը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի: