29/10/2024 12:01
Վերապրել, պայքարել, հաղթահարել. մենք կարող ենք ուժ ստանալ մեր պատմությունից, օգտվել անցյալի գիտելիքից ու փորձից. Նուբար Աֆեյան (Տեսանյութ)
Մարդիկ կարող են ուժ ստանալ իրենց սեփական պատմությունից՝ պայքարելով, վերապրելով ու հաղթահարելով. սա հենց այն օգուտն է, որ կարելի է քաղել անցյալից, ասել է «Հայկական հոգեւոր վերականգնման» հիմնադրամի հիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանը։
«Թե՛ բնության, թե՛ մարդկային փորձառության մեջ դժվարությունները, որ թվում են մարտահրավերներ, հաճախ կարող են առավելություն ստեղծել։ Մեր գոյաբանական պատմությունը, մեր դիմակայուն ազգային եկեղեցին, դիմակայունության նարատիվն ու ինքնությունն օգնել են հաղթահարել տարբեր ժամանակների մարտահրավերները։
Ես կարող եմ ասել, որ Առաջին աշխարհամարտից հետո մենք եղել ենք խորհրդային հանրապետություններից ամենահաջողակը, մինչդեռ մենք շատ քիչ էինք մնացել, կարող էինք տարրալուծվել, կարող էինք կորսվել. լուծումը այլ երկրների փորձից կամ ռեալ պոլիտիկից սովորելը չէ, եթե նայենք մեր հարուստ պատմությանը, ես դրան վերաբերվում եմ իբրև ուժի աղբյուր, ու դա առաջ բերենք, հրամցնենք ժամանակակից, կոնտեքստայնացված ձևով, դա անպայման կօգնի մեզ։ Դա է լուծումը։
Ոչ միայն գերհաղթահարող, այլ նաև գերվերականգնվող. այո՛, սփյուռքի պատմությունը հենց դրա ապացույցն է, ԽՍՀՄ մաս կազմելով՝ առաջատար էինք երաժշտության, գիտության, շախմատի, նույնիսկ հումորի և շատ այլ ոլորտներում, ինչ է սա, եթե ոչ վերականգնողական ունակություն»։
Նուբար Աֆեյանն ընդգծել է՝ մենք Փարիզում, Լիբանանում, Նյու Յորքում նույնն ենք արել, հիմա պետք է այդ ամբողջ փորձն ու փորձից բխող վստահությունը, այդ գիտելիքը տեղափոխենք ժամանակակից իրականություն։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։