29/10/2024 14:15
«Այդ հարցով որոշակի ընթացք է լինելու». ՔՊ խմբակցության ղեկավարը՝ Արգիշտի Քյարամյանի պահվածքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը չի հերքում՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի վարքագիծը քննության կառնվի։
«Ես գիտեմ, որ այդ հարցով որոշակի ընթացք է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հաշվի առնելով, որ Քյարամյանը ՔԿ նախագահն է, իսկ ինքը կառավարող խմբակցության ղեկավարը՝ Կոնջորյանը ճիշտ չհամարեց, որ այդ մասով իր մեկնաբանությունները տա։
Հարցին՝ կաշկանդվա՞ծ է՝ արձագանքեց. «Կաշկանդված չեմ, ընդհակառակը, եթե հիմա մեկնաբանություններ տամ՝ դա կարող է դիտվել մեր կողմից կաշկանդող հայտարարություն»։
Նշենք, որ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում սկանդալ էր եղել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։
Աղազարյանը Քյարամյանին դիմել էր «արա»-ով, ՔԿ նախագահն էլ արձագանքել էր՝ «ոտքից գլուխ արա ես»։
Կրքերը հանդարտվել էին միայն այն ժամանակ, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Քյարամյանին հեռացրել էր Հովիկ Աղազարյանից։
Մինչ այդ էլ, Արգիշտի Քյարամյանը ռեպլիկ էր լսել իր հասցեին նիստերի դահլիճից։ Չէր ճանաչել, թե ով է ռեպլիկի հեղինակը, միայն ասել էր՝ «բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավոր, ձեր մասին է խոսքը, կողքերդ մի նայի»։