29/10/2024 13:25
Նրանց արձագանքն արդեն դուրս է տրամաբանության շրջանակներից. ԿԳՄՍ նախարարը՝ «Գոյ» թատրոնի դերասանների մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է՝ «Գոյ» թատրոնի դերասաններին երաշխավորել են՝ իրենց ստեղծագործական գործունեությանն ու ազատությանը որևէ խոչընդոտ չկա։
«Իրենք կարող են դա իրացնել բեմերում, այդ թվում՝ «Սունդուկյան» թատրոնի բեմերում, բայց նրանց հետագա վարքագիծն ինձ համար հասկանալի չէ, որովհետև մենք ունեինք պայմանավորվածություն, որ կարող ենք գործարկել մասնավոր թատրոնների աջակցության մեխանիզմ, կամ՝ որպես առանձին ստեղծագործական միավոր, աշխատել «Սունդուկյան» թատրոնի կազմում, սական ակնհայտ է, որ այդ հարցերին նրանց արձագանքն արդեն դուրս է տրամաբանության շրջանակներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեասյանը։
Նշենք, որ «Գոյ» թատրոնի դերասանական կազմն այսօր գիշերել է թատրոնում։
«Մենք հիմա գտնվում ենք Գոյ թատրոնում, բոլորս եկել ենք մեր պահանջի հետևից, մեր ստեղծագործելու իրավունքի հետևից: Մեր պատերից բոլոր նկարները պոկել են, հանվել են աֆիշները, «Գոյ» թատրոնից հետք չկա»,- նշել էր թատրոնի դերասան և տնօրեն Սարգիս Արզումանյանը:
Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն ուղիղ եթերով ասել էր, թե «Սունդուկյանի» անվան թատրոնի տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, իբրև թե, ապօրինի կերպով ներխուժում է եղել, բայց ոստիկանությունն, այդ ամենը քննելով, ընթացք չի տվել։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, ինչին դեմ են «Գոյ»-ի դերասանական ու ստեղծագործական կազմը։ Նրանք օրեր շարունակ ակցիաներ արեցին, հայտարարություններով հանդես եկան, ապա որոշեցին կառավարության որոշումը վիճարկել դատարանում։