29/10/2024 10:29
«Այժմ խաղաղության «քամի» է փչում»․ Էրդողանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Անկարան կշարունակի համակարգված աշխատանքը Բաքվի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության հաստատման գործընթացի հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կառավարության նիստի ժամանակ:
«Մենք անկեղծ ենք համարում եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Տևական խաղաղության համար այժմ կա եզակի հնարավորություն։ Հուսով ենք, որ դրսի ուժերին չի հաջողվի սաբոտաժի ենթարկել գործընթացը, և մենք շուտով բարի լուրեր կլսենք։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,– ասել է նա։
Նա նշել է, որ «3+3» տարածաշրջանային հարթակն արդյունավետ է, և Անկարան ցանկանում է այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի։
«44-օրյա պատերազմից հետո և Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի ավարտով՝ տարածաշրջանում մշտական խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել։ Այժմ խաղաղության «քամի» է փչում այս տարածաշրջանում, որը ժամանակին հայտնի էր ցավով և հակամարտությամբ», - ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած հարթակի նիստի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին: