29/10/2024 12:25
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում 1,2 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառության դեպք (Տեսանյութ)
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։
Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 11 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող շինանյութի մանրամեծածախ առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։
Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։
Ձեռնարկված միջոցառումների շրջանակում հետազոտվել են ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,2 մլրդ դրամի իրացման շրջանառություն։
Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, համաձայն որի՝ պետությանը պատճառվել է շուրջ 354 մլն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։ Ձեռքբերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատարան` ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։