29/10/2024 09:58
«Փաստ». Մինչ Փաշինյանն այստեղ-այնտեղ անհոգ հեծանիվ է վարում, վայելում պաշտոնը, երկրին սպառնացող վտանգն ավելի է ահագնանում
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Կազանում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը, որն ընթանում էր առանց միջնորդների։ Այս ֆորմատը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որը ձգտում է ազատվել անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ստվերից ու հասնել դրա վերջնական լուծարմանը։ Բացի այդ, բազմիցս ականատես ենք եղել, թե, ի վերջո, ինչ է տեղի ունենում, երբ առանց միջնորդական առաքելության Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են ու պայմանավորվածություններ ձեռք բերում։ Լավագույն օրինակը Դուշանբեի վերելակային հանդիպումն է, երբ կողմերը պայմանավորվեցին չկրակել, սակայն տեսանք, թե այդ ամենն ինչով ավարտվեց։ Ավելին, առանց միջնորդների հանդիպումն Ադրբեջանին հնարավորություն է տալիս մինչև վերջ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա ու պետք եղած դեպքում խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ադրբեջանը ոչ միայն մտադրություն չունի հետ քաշվելու Հայաստանի օկուպացված տարածքներից, այլև կոնկրետ տարածքային նկրտումներ ունի ՀՀ տարածքի նկատմամբ։ Դրա համար էլ ակտիվորեն զարգացնում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու թեման։ Իսկ ինչի՞ մասին է իշխանությունների առաջ քաշած «իրական Հայաստանի հայեցակարգը», միգուցե հենց ադրբեջանցիների «վերադարձի՞»։
Ու բացառված չէ, որ մի պահի Ադրբեջանը նաև ռազմական գործողությունների դիմի՝ պնդելով, որ Հայաստանը չի կատարում իրենց պահանջները։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել միայն այն ժամանակ, երբ բոլոր կետերը համաձայնեցված լինեն։ Այնպես որ, «իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» մասին թեզերն ընդամենը ժողովրդի աչքին թոզփչոցի են։ Ու մինչ Նիկոլ Փաշինյանը այստեղ-այնտեղ անհոգ հեծանիվ է վարում, վայելում իր պաշտոնը, երկրին սպառնացող վտանգն ավելի է ահագնանում։ Այնինչ, «թոշակի գնալու» դեպքում երևի թե մի անգամ օգուտ կտա մեր երկրին»։