29/10/2024 14:51
Եկել եմ փող խնդրելու, եթե չստանանք, ստիպված կգնանք կրճատումների. Հանրային ռադիոյի տնօրեն
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը հաստատեց՝ Կառավարության և ԱԺ-ի կողմից գումար չստանալու դեպքում ռադիոյում աշխատողների հաստիքները կկրճատվեն։
«Ես այսօր այստեղ եկել եմ փող խնդրելու, որովհետև ես ունեմ 320 աշխատող, որից 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ և տեխնիկական աշխատողներ, որոնք ստանում են շատ ցածր աշխատավարձ, և այդ բալանսը վերականգնելու համար ասել եմ՝ մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվում։ Եթե գործադիրը, օրենսդիրը բարի գտնվեն ավելացնեն մեր բյուջեն, ոչ մի բան չի լինի, եթե ոչ՝ մենք ստիպված կգնանք կրճատումների»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը։
Նա նշեց, որ նույնիսկ մի քանի հոգու խնդրել են ազատել սենյակները, որ վարձով տան, քանի որ փողի կարիք ունեն։
«Ամեն ինչ անում ենք միջոցներ գեներացնելու համար, ճարներս կտրած փորձում ենք հովանավորներ գտնել, որ կարողանանք խրախուսել լրագրողներին և նոր շարքեր սկսել»,-ասաց նա։
Քոլոյանը պնդեց, որ որևէ կերպ Հանրային ռադիոն չի կարող դառնալ իշխանության քարոզչամիջոց։