Այսօր, 14:43
Գերիներին ազատ արձակելու պահանջը պետք է դառնա օրակարգային հարց, որ ներառվի բանակցություններում. «Կամք» շարժման անդամները կրկին կառավարության առջև են
«Կամք» շարժման անդամները Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջով կրկին կառավարության շենքի դիմաց նստացույց են իրականացնում։
Aysor.am-ի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Արման Մխիթարյանն ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք պահանջի համար կառավարությունը ճիշտ հասցեատեր է՝ պատասխանեց. «Այո՛, ճիշտ հասցեատիրոջ է ուղղված, որովհետև ՀՀ-ում հարցերը լուծում է ՀՀ կառավարությունը, ոչ օտարերկրյա դեսպանատությունը կամ այլ միջազգային կազմակերպություններ։ Հենց կառավարությունն է իրավազոր բանակցելու և այդ հարցը բարձրացնելու։ Իհարկե, ինչ-որ կազմակերպություններ, ՀԿ-ներ փորձում են ինչ-որ բան անել, բայց հիմնական գործիքակազմը տրված է կառավարությանը և այն, որ ոչինչ չի անում, ակնհայտ է բոլորի համար»,-ասաց նա։
Արման Մխիթարյանը նշեց, որ իրենց նպատակն է հանրությանը խնդրին մասնակից դարձնել և ևս մեկ անգամ հիշեցնել այս ամենի մասին։
«Մեր այս ակցիաները դրա վառ ապացույցն են, որ իրազեկման խնդիր կա, նույնիսկ քաղաքացիներ կան, որ գալիս ու զարմանում են, որ 2021թ.-ից հետո Ադրբեջանում դեռևս հայ ռազմագերիներ կան։ Եվ երբ հասարակությունը տեսնի, և այս հարցը դառնա օրակարգային հարց, կարծում եմ, ուզած-չուզած այդքան բանակցում են, այս հարցն էլ կներառեն բանակցություններում»,-ասաց նա։
Շարժման անդամ Մխիթարյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի պայմանագրով առանց նախապայման բոլորը բոլորի դիմաց գերիները պետք է ազատ արձակվեին, անգամ այն քարտեզների դիմաց, որ պետք է տային, դա էլ անթույլատրելի էր։
«Կարծում եմ՝ գերիների հարցով ևս բանակցություն կլինի, բայց ցանկացած բանակցությունից առաջ պետք է հստակեցնեն՝ դու կատարե՞լ ես պայմանավորվածության այս-այս մասերը, բոլորը բոլորի դիմաց գերիներին ազա՞տ ես արձակել, թե՞ ոչ։ Իրենց հետ բանակցությունները պետք է սկսեն հենց այդ կետից և ոչ թե նոր նախապայմաններ առաջ տանեն»,-ասաց նա։