30/10/2024 11:58
Վերաքննիչ քրեական դատարանը թեև հաստատել է՝ մեղադրելու փաստեր չկան, բայց Ավետիք Չալաբյանին չի արդարացրել. քրգործից մանրամասներ
Վերջին մեկ ամսում երկու կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել. ասուլիսում հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ փաստաբանի հետ ներկայացնելով իր դեմ քրեական գործից մանրամասներ։
Ըստ նրա՝ հոկտեմբերի 22-ին ստացել են Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ ներկայացված բողոքին ի արձագանք, և հոկտեմբերի 11-ին ՀՀ ՍԴ-ն ընդունել է որոշում այդ հոդվածի սահմանադրականության մասով։
Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանն իր դատական ակտով բավական հետաքրքիր արձանագրումներ է արել. «Կարելի է ասել, որ գործում եղած ապացույցների, դրանց անթույլատրելիության, անարժանահավատության՝ պաշտպանական կողմի բոլոր փաստերի ու դիրքորոշումների հետ համաձայնվել է»,-ասաց նա։
Նա անդրադառնալով բոլոր ապացույցներին՝ նշեց, որ, այդուհանդերձ, դատարանը տարօրինակ եզրահանգման է եկել. «Այս բոլոր արձանագրումներն անելով՝ պաշտպանական կողմի բոլոր թեզերի հետ համաձայնվելով, ասում է՝ առկա չեն գործում եղած ապացույցների պատշաճ գնահատման արդյունքում բավարար հիմքեր՝ Ավետիք Չալաբյանի մեղքը ապացուցված լինելու, կամ արդարացնելու համար»,-նշեց փաստաբանը։
Նա ներկայացրեց իրենց անհամաձայնությունը դատական ակտին՝ ընդգծելով, որ եթե որևէ պատշաճ գնահատված ապացույց չկա, Չալաբյանը պետք է արդարացվեր։
«Պաշտպանական կողմն, այնուամենայնիվ, այս պահին դիտարակում է այս դատական ակտի դեմ բողոքարկել Վճռաբեկ դատարանում՝ հաշվի առնելով այս արձանագրումը, որ եթե մարդուն մեղադրելու փաստեր չկան և իրավաչափված ապացույցներ չկան, երևի թե ճիշտ կլինի որ գործի սկզբունքը և Ավետիք Չալաբյանն արդարացվի»,-ասաց նա։