30/10/2024 21:14
Ռուս լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ, պահել են օդանավակայանում
Նախագահական ընտրությունները լուսաբանելու համար ԱՄՆ ժամանած «Իզվեստիա»-ի թղթակիցների մուտքը երկիր արգելելը անընդունելի է և հակասում է ԶԼՄ-ների ազատության սկզբունքներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը լավ կողմից չի բնութագրում ԱՄՆ իշխանություններին, հատկապես, որ լրագրողները բոլոր ընթացակարգերը անցել են և մուտքի թույլտվություններ ստացել։ Լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը, իհարկե, հակասում է ԶԼՄ-ների ազատության սկզբունքներին և դա, իհարկե, մեզ համար անընդունելի է»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ «Իզվեստիա»-ի նկարահանող խմբին հոկտեմբերի 29-ի գիշերը պահել են Վաշինգտոնի օդանավակայանում։ Օպերատորի վիզան չեղարկել են՝ պատճառաբանելով, որ վարչարարական խնդիրներ կան, բայց այդ մասին ամերիկյան կողմը տեղյակ չի պահել Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատանը։