31/10/2024 10:31
Ադրբեջանի նախապայմանը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ, կատարելապես անհիմն է. ԱԳ նախարար
Ադրբեջանական կողմը նախապայման է առաջադրել հայկական կողմին, որ իբր ՀՀ Սահմանադրությունը «պարունակում է որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ», այս մասին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն ու այստեղ, իհարկե, որպես շատ հզոր ապացույց՝ ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որով արձանագրվեց՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»,- նշեց ԱԳ նախարարը։
Անդրադառնալով ապաշրջափակման գործընթացին՝ Միրզոյանն ասաց, թե բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո ու գործեն այն երկրների օրենսդրությանը համապատասխան, որոնց տարածքով անցնում են։
«Ամեն ինչ պետք է արվի փոխադարձության ու հավասարության սկզբունքի հիման վրա»,- ընդգծեց Միրզոյանը։