31/10/2024 12:23
Վերջերս ենք իմացել, որ շամպայնը ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ՝ ռեգիոնի, նույնն էլ՝ կոնյակը. Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց՝ վերջերս են իմացել, որ շոմպայնն ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ ռեգիոնի, նույն էլ՝ կոնյակը:
«Այսօր, երբ խոսում ենք, որ շատ ուղղություններով արտահանման խնդիրներ ունենք, դրանց մի մասը կապված է այս երևույթի հետ: Մենք գալիս ենք սովետական շոմպայն սպառողական կուլտուրայից: Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փարձենք մեկին ապացուցելու, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ նման բան ի բնե չէր կարող լինել, քանի որ շամպայնը ոչ թե փրփրուն գինին է, այլ այն փրփրուն գինին է, որն արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույն էլ՝ կոնյակը։ Դա վերաբերում է այն բրենդին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից: Սրանք բաներ են, որոնք առաջին հայացքից հասանելի չեն, բայց առանց այսպիսի հարցերի առերեսվելու ու դրանց լուծում տալու, հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ: Հիմա, օրինակ, կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է, և այսօր այն երկրները, որոնք Ֆրանսիա չեն, բայց ասում են՝ գիտեք մենք ինչ կոնյակ ունենք, կողքից քմծիծաղ է առաջացնում: Դա մոտավորապես միջպետական ճանապարհին՝ Դիլիջանում ջերմուկ չունեք պատմության նյութականացումն է և սա շատ խայտառակ բան է»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ մենք չենք տեսնում, թե կողքից ուրիշները մեզ ինչպես են ընկալում ու դա ամոթ է. «Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե մենք ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ…: Սա առաջին հերթին ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների խնդիրն է: Մենք ԵՄ աջակցությամբ ծրագրեր ունենք այդ մասով և անպայման դրանք պետք է անենք: Մինչև մենք այս հարցերը չլուծենք, մենք չենք կարող ունենալ տնտեսություն, որը ինտեգրված է զարգացած տնտեսությանը: Մենք կարող ենք լինել ետնախորշերի տնտեսություն, որտեղ կարելի է տանել թաքուն տեղերում, թաքուն բաներ վաճառել: Բայց թաքուն տեղերում թաքուն բաներ վաճառելու հնարավորություններն անսահմանափակ չեն, իքս պահի դրանք վերանալու են և մենք էլ ասելու ենք՝ վայ բա էս ո՞նց եղավ: Շատ պարզ՝ մենք ուղղակի ալարեցինք բացել և երեք հատ ավելի գիրք կարդալ, հասկանալ, թե ինչպես է աշխարհն աշխատում»: