31/10/2024 10:59
ՀՀ կառավարությունն արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը. Մեսրոպ Առաքելյան
ՀՀ կառավարությունը տապալել է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը` ՀՀ քաղաքացիություն ունենալու արհեստական պահանջով և աջակցության շատ ցածր չափով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրին դիմողների թիվը, որ ընդամենը մոտ 30 ընտանիք է, վկայում է կառավարության ծրագրի ձախողման մասին։ Արդեն երկրորդ ձմեռն են այդ մարդիկ դիմավորում առանց կացարանի։ Եթե կառավարությունը մի ծրագիր է իրականացնում 100.000–ից ավելի անձանց համար, բայց դիմում է մի քանի տասնյակ մարդ, նշանակում է ծրագրի հետ մի բան այն չէ։ 100.000 հոգուց 100-200 մարդու հնարավոր է ասել, որ դուք ինչ–որ սխալ փաստաթղթեր եք ներկայացրել, բայց հնարավոր չէ 110.000 մարդու մեղադրել ծրագրի շահառու չդառնալու համար»,–ասել է նա։
Առաքելյանն ընդգծել է, որ սերտիֆիկատներում նշված աջակցության չափը հեռու է նորմալ կացարան ունենալու ցանկությունից։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը վստահ է, որ 3 մլն դրամ սերտիֆիկատով միջինը 3-4 հոգանոց ընտանիքը 10 մլն դրամով չի կարող նորմալ կացարան կառուցել կամ գնել։
«Հնարավոր է ինչ–որ գյուղերում 10 մլն դրամով ինչ–որ տուն գնել, բայց այդ տունը նորմալ ապրելու պիտանի չի լինի և պետք է վերականգնվի։ Իրավիճակն ավելի բարդ է միայնակ մարդկանց կամ ամուսինների համար, որոնք 1-2 հոգի են և 3 կամ 6 մլն դրամով ընդհանրապես չեն կարողանա որևէ գույք ձեռք բերել»,–ասել է նա։
Առաքելյանը վստահ է, որ եթե արցախցիները կարճ ժամանակում չկարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրը, արտագաղթել պատրաստվողների թիվը կշատանա։
Ավելի վաղ «Արցախ Միությունը» հրապարակել է զեկույց, որն անդրադառնում է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության ծրագրին։ Զեկույցը վերլուծում է այս տարվա մայիսից իրականացվող ծրագրի հիմնական սկզբունքներն ու տեղեկացնում, որ հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ ծրագրին դիմել և վկայագիր է ստացել շուրջ 30 ընտանիք, ինչը կազմում է ընդհանուր թիրախային խմբի ընդամենը 0.12%-ը: Ծրագրից օգտվելու համար վարկավորմանն առնչվող խոչընդոտներ ևս կան։