31/10/2024 12:06
Ամիսներ, տարիներ չենք ուզում սպասել. «Գոյի» դերասանները լքել են թատրոնը, քանի որ դատախազությունից հայտնել են գործին ընթացք տալու մասին
Շուրջ երեք օր թատրոնում գիշերելուց հետո, «Գոյի» դերասանները ինքնակամ լքել են թատրոնը։ Aysor.am-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանն ասաց, որ դուրս եկան, որովհետև իրենց պահանջն այս փուլի համար բավարարեցին։
«Մենք պատկան մարմիններին պահանջ էինք ներկայացրել, որ հարուցված գործը լուծվել է կամ ընթացք է տրվել։ Մենք երեկ դատախազությունից ստացանք փաստաթուղթ, որտեղ արձանագրված էր, որ գործն արդեն սկսվել է։ Այսինքն՝ այն ինչ պետք է լիներ 3 ամսում, իրենք 2 օրում վերցրեցին, դա մեզ բավարարեց այս փուլի համար և արդեն իմաստ չկար շարունակել այդ ակցիան»,-ասաց նա։
Սարգիս Արզումանյանը նշեց, որ այսօր պետք է Արդարադատության նախարարությունից պատասխան ստանան։ «Չգիտեմ՝ ինչ, բայց մենք ակնկալում ենք այն պատասխանը, որ կվավերացնի մեր մուտքը, աշխատանքը «Գոյ» թատրոնում»,-ասաց նա։
ԿԳՄՍՆ-ից իրենց ակցիային, պահանջներին արձագանք, ասաց, որ չկա։ «Միայն նախարարի ԱԺ-ում արված հայտարություն էր, որ իրենց տիրությում չի, երևի ստեղծված վիճակի մասին էր խոսում՝ մուտքը թատրոն, բայց հարցի լուծման տեսակետից ոչինչ չասաց»,-նշեց նա։
Սարգիս Արզումանյանի խոսքով՝ իրենց հետագա քայլերը պայմանավորված կլինեն իրավական գործընթացով․«Բայց այդ ամենը էլի տարբեր մեխանզիմներով կլինի՝ ակցիաներով կամ ուրիշ գործողություններով պահանջել, պարտադրել հարցին հրատապ լուծում տալ։ Այս է մեր մեխանիզմը, տրամաբանությունը։ Ամիսներ, տարիներ չենք ուզում սպասենլ»։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը։ Ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ Մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։