31/10/2024 12:41
Նաև դպրոցական դասագրքերի մակարդակով սխալ քաղաքականություն է տարվել. Պապոյանը համաձայն է՝ ցեղասպանության հարցն առաջնահերթություն չէ (Տեսանյութ)
ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի ՀՀ-ի, առհասարակ, անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ մեծ նշանակություն ունի տնտեսությունը. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան հարցի, թե համակարծի՞ք է ԱԳ նախարարի հետ, որ Հայոց ցեղասպանության հարցը պետության առաջնահերթություններից չէ։
«Երկար ժամանակ տնտեսությունը, ներդրումները չեն եղել առաջնություն և հիմա ամեն դեսպանի առաջ չափելի ու կարևոր խնդիրը մենք պետք է դնենք՝ ինչքան ներդրում կարող ենք ավելացնել այդ երկրից դեպի ՀՀ, և առևտրաշրջանառությունը պետք է ավելանա»,-ասաց նա։
Ըստ նրա՝ անվտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ տնտեսությունը զարգանում է, ներդրումներ են գալիս։ «Ոչ մի հարց՝ այդ թվում ձեր նշած հարցերը, չեն լուծվի, քանի դեռ տնտեսությունը պատշաճ մակարդակի վրա չէ։ Ուզում եք հարցերը լուծենք, պետք է տնտեսությունը զարգացնենք»,-ասաց նա։
Ըստ նախարարի՝ ամբողջ խնդիրը նրանում է, որ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում սխալ քաղաքականություն է վարվել, այդ թվում նաև դպրոցական դասագրքերի մակարդակով։
«Դա է պատճառը, որ ձեզ համար խորթ է այն, ինչ տեղի է ունենում։ Երկրի դժբախտությունն այն է, որ դուք, մեր քաղաքացիները, նաև ես տասնամյակներ կերակրվել ենք բաներով, որի հետևանքով որպես կանոն տեղի է ունենում պետության կորուստ»,-ասաց նա։