Այսօր, 14:49
Այս իշխանության պարագայում Ցեղասպանության հարցի ուրացումը ոչ միայն զարմանալի չէ, այլև օրինաչափ է. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Այս իշխանության պարագայում այդ հայտարությունը ոչ միայն զարմանալի չէ, այլ նաև իրենց պարագայում շատ օրինաչափ է. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե ցեղսպանության հարցն այլևս երկրի առաջնային հարցերից չէ։
«Նաև ծանր ակնարկ արեց, որը, ըստ էության, Թուրքիայի քաղաքական գծի շարունակությունն է կամ խոսույթը, որ նման հարցերի պատասխանները թող պատմական անցքերը, ծալքերը, այսպես ասած, պատմաբանները տան։ Դա տարիներ շարունակ ասվել է Թուրքիայի կողմից»,-ասաց նա։
Ըստ նրա՝ Արարատ Միրզոյանից և Նիկոլ Փաշինյանից այլ բան սպասել հնարավոր չէ. «Եթե իրենք նույնիսկ ասում են՝ պատմական հեռավոր անցյալում տեղի ուենցած իրադարձություն է, ապա ընդամենը մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցավ հայաթափում, էթնիկ զտում, և Միրզոյանն այսօր էլ ասաց, որ այդ հարցով էլ իրենք հաշտ են, օրակարգ չունեն»։
Սաղաթելյանի խոսքով՝ այս իշխանությունների և Ալիևի խոսույթը չի տարբերվում և միայն նրանք են ասում՝ Արցախի հարցը լուծված և փակված է․ «Դա ասում են Էրդողանը, Բայրամովը, Արարատ Միրզոյանն ու Փաշինյանը։ Հետևաբար, սրանց ուրացումը շարունակվելու է ու էլի է խորանալու»,-նշեց նա։