Այսօր, 13:40
Պահեստազորի որակյալ ռեսուրսը կներգրավվի ԶՈւ կարևոր ուղղություններում. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացում կատարելը կնպաստի որոշակի զորամասերում, սահմանամերձ հատուկ կարևորություն ունեցող ուղղություններում միջին ու ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող որակյալ ռեսուրսը ներգրավել Զինված ուժերի կարևոր ուղղություններում, մասնավորապես, սահմանային զորամասերում ու հատուկ կարևորություն ունեցող զորամասերում։
«Օրինակ կարող ենք բերել անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ զորամասերը, մեզ համար մեծ կարևորություն ունեն կապի ոլորտը, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն գիտելիք ու փորձ և արագ կարող են համալրել ԶՈՒ շարքերը»,- նշեց նախարարը։
ՊՆ-ն խրախուսում է, որ պահեստազորից կարողանան համալրել կարևոր զորամասերը։
«Սա տարածել բոլորի վրա՝ հակված չենք»,- ընդգծեց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ ՊՆ կադրերի վարչությունը կկապվի պահեստազորի զինծառայողների հետ, զորամասերի ցանկը չի լինի հրապարակային, բայց կհաստատվի ԱԺ-ի կողմից հաստատվելուց ու ուժի մեջ մտնելուց հետո։
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար չդադարեցնել կենսաթոշակը մարտական խնդիրներ իրականացնող որոշ զորամասերում պայմանագրային ծառայության անցնելու պարագայում։
Գործող օրենքի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` դրա նշանակվելուց հետո զինվորական ծառայության անցնելու դեպքում, բացառությամբ զորահավաքային ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի։
Օրինագծի հեղինակները նշում են, որ փոփոխությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի որոշ զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով։
«ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացում մարտական խնդիրներ կատարող զորամասերը զինվորական ծառայության ուղի և համապատասխան անհրաժեշտ մասնագիտական ունակություններ ունեցող, սակայն զինվորական ծառայությունից զորացրված և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձանցով համալրելու գրավչություն ապահովելու նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել նման զորամասերում կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ներկայացնելու դեպքում այդ անձանց պայմանագրային զինվորական ծառայության ընդունելիս իրավունք վերապահել պահպանել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը»,- ասված է նախագծում:
Առաջարկվում է նախատեսել, որ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը զինծառայողի համար պահպանվում է ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումով զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում։ Նման կարգավորման նպատակն է առաջին հերթին ապահովել միջին և ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացը: