31/10/2024 10:45
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ. այդքան էլ կառուցողական մոտեցում չէ. Միրզոյան (Տեսանյութ)
Հայաստանը Թուրքիայի հետ ունի դինամիկ ու դրական երկխոսություն, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ երկխոսությունը, նախևառաջ, այն մասին է, որ երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմաններն, ունենան տրանսպորտային ու այլ հաղորդակցություններ։
«Գաղտնիք չէ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Մեր գնահատմամբ՝ դա այդքան էլ կառուցողական մոտեցում չէ»,- նշեց Միրզոյանը։
Նա ասաց, թե Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսում է առանց նախապայմանների։
«Ունենք կոնկրետ պայմանավորվածություններ՝ սկզբում մասնակի սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար և այլն։ Կան նաև ավելի փոքրամասշտաբ համատեղ որոշակի նախագծեր, օրինակ՝ Անիի մշակութային ժառանգության հետ կապված, Անիի կամրջի հետ կապված և այլն, ուզում եմ ասել՝ այստեղ ևս կա դինամիկ երկխոսություն»,- նշեց նախարարը։
Միրզոյանը լավատեսություն հայտնեց, որ մոտ ապագայում առաջընթաց կլինի հայ-թուրքական հարաբերություններում։