31/10/2024 09:58
«Փաստ». Ինչպես իշխանազավթմամբ եկան իշխանության, այդպես էլ շարունակում են տոտալ իշխանազավթման փորձերը
«Փաստ» թերթը գրում է. «ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներում ՏԻՄերի ձևավորման հարցում կարևորվում է քաղաքական ուժերի և թեկնածուների միջև քաղաքական պայքարը, թե տվյալ ինքնակառավարվող մարմինը ինչ ծրագրի շրջանակներում է իր քաղաքականությունը վարելու, և որոնք են դրա առավելությունները։ Բայց Փաշինյանի իշխանության գալուց հետո նրա գլխավորած ՔՊ-ն մարզերում քաղաքական պայքարի համատեքստում լուրջ խնդիրների բախվեց։ Առաջին խնդիրն այն է, որ մինչև հիմա էլ ՔՊ-ն քաղաքացիների կողմից չի ընկալվում դասական իմաստով որպես քաղաքական կուսակցություն, քանի որ այն չունի գաղափարախոսություն և չի կրում այնպիսի արժեքաբանական ատրիբուտներ, որ ունենում են քաղաքական կուսակցությունները։ Ուստի, մնում էր պայքարը տանել անձանց շուրջ։
Երբ Աբովյանում ՔՊ-ի սրտի թեկնածուն պարտվել էր գործող քաղաքապետին, Փաշինյանը հայտարարում էր, թե հաղթել է ժողովրդավարությունը։ Բայց հետագա իրողությունները ցույց տվեցին, որ իշխանությունները այնպիսի միջոցների են դիմում, որ ոչ թե ժողովրդավարությունը հաղթի, այլ միայն իրենք ամեն գնով զավթեն ՏԻՄ համակարգերի իշխանությունը։ Թերևս սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Փաշինյանն ու իր թիմը վախեր ունեն, որ տեղերում կարող է սկիզբ առնել իրենց հեռացման գործընթացը, ապա աստիճանաբար տարածվել հանրապետությունով մեկ։ Ուստի, իշխանությունները գործի են դրել ու դնում իրենց ունեցած բոլոր լծակները, որ բոլոր ՏԻՄ-երը զավթեն՝ թեկուզ ապօրինի կերպով։
Ու այս նպատակի համար առաջին հերթին կիրառության մեջ են դրվում «իրավապահ» լծակները։
Ընդհանրապես, իշխանություններն այդպիսի մոտեցմամբ ցույց են տալիս, որ ուղղակի թքած ունեն ժողովրդի քվեի վրա, իրենց համար ամենակարևորը տեղական կառավարման համակարգը զավթելն է։ Եթե իրենց պետք է, անգամ ընտրված ու գործող համայնքապետերին կարող են հեռացնել։ Տարբեր ճնշումների արդյունքում այդպես պաշտոնանկ արվեց Ալավերդու քաղաքապետը։ Հիմա էլ ճնշումներ են գործի դրել Գյումրին «զավթելու» նպատակով։ Եվ արդեն խոսվում է, թե հերթում Սիսիան համայնքն է։ Ահա, այսպիսին է Հայաստանում Փաշինյանի կողմից ստեղծված հակաժողովրդավարական համակարգը։ Չնայած, զարմանալի բան չկա, ինչպես իշխանազավթմամբ եկան իշխանության, ինչպես հետո զավթեցին ՍԴն, բուհերը, դատական համակարգի մի մասը, այլ ինստիտուտներ, այդպես էլ շարունակում են տոտալ իշխանազավթման փորձերը»։