31/10/2024 11:49
Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքներն անէանում են․ Փաշինյանն անդրադարձավ նաև երեխաների բակային խաղերի վերացմանը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ առաջարկվում է ՀՀ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 51 տարրից, համալրել ևս 17 ոչ նյութական արժեքներով, ինչպիսիք են, օրինակ, Շիրակի երգիծական բանահյուսությունը, Գյուրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը, Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և դրա կիրառումը, Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառումը, Ճամբարակում մեղվապահության ավանդույթը և այլ արժեքներ, որոնք կարող են դառնալ այդ բնակավայրերի զբոսաշրջության գրավչության և տնտեսական զարգացման ևս մեկ խթան։
«Պետք է ասեմ, որ այս աշխատանքներն օգնում են մեզ հետագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ում դրանք գրանցելու նպատակով, ինչպես նախորդ տարի գրանցեցինք Գյումրու դարբնության ավանդույթը»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե այս պրոցեսը, որում հերթական քայլն են անում, մեծ հաշվով կարելի է անվանել ոչ նյութական արժեքների նյութականացված գործընթաց.
«Երբ գործ ունենք նյութական արժեքների՝ հուշարձանների հետ, դրանք ավելի երկարակյաց են, քան ոչ նյութական արժեքները, որոնք կորսվելու մեծ վտանգի են ենթարկված: Մեր իրականության մեջ առանցքային նմանատիպ պատմություն կա: Ինչո՞ւ է մեր իրականության մեջ Կոմիտաս վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում. մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասը, ըստ էության, անէանալուց փրկել է՝ գյուղից գյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով: Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, բայց հիմա ունենք ու պարտավոր ենք այս մշակութային քաղաքականության էությունն իրականացնել: Եվ եթե մեզ թվում է, որ մենք այսօր չունենք այսպիսի ոչ նյութական արժեքների կորսվելու հավանակություն, ապա չարաչար սխալվում ենք: Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքնորն անէանում են, եթե դրանք բավարար չափով փաստագրված չեն:
Մենք ազգային ռազմավարության մեջ ընդծել ենք հայկական խոհանոցը՝ որպես ռազմավարական արժեք: Երբ մենք տարբեր գյուղեր ենք գնում, այնտեղ մարդիկ հյուրասիրություններ են անում, ներկայացնում են կենցաղը, այնտեղ տեսնում ենք ուտեստներ, որոնք անծանոթ են: Նման դեպքերից հետո ես խնդիր դրեցի, որ մենք գրանտային ծրագիր իրականացնենք, որպեսզի մեր մասնագետներն անցնեն բնակավայրերով և հավաքագրեն»:
Փաշինյանը նաև շեշտեց, որ շատ մեծ մշակութային շերտ է կորսվում վերջին տասնամյակներում և դրանք այն խաղերն են, որոնք երեխաները ժամանակին խաղում էին բակերում.
«Մեզ հայտնի պատճառներով դրանք կամաց-կամաց անէանում են: Հետո Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտները միլիոններ պետք է ծախսեն այդ ամենը պատառ-պատառ վերականգնելու համար: Այսօր մենք հույս չունենք, որ երեխեքին կարող ենք համոզել, որպեսզի այդ խաղերը նորից խաղան: Այդ երեխաները մեծանում են, դառնում պատգամավոր, նախարար, բիզնեսմեն, կառավարության անդամ և հանրությանը հետազոտելու համար, եթե մենք լուրջ ենք վերաբերվում այս ամենին, դա չափազանց լուրջ ինֆորմացիա է: Այս պրոցեսը պետք է շարունակվի: Շատ կարևոր է ոչ միայն դրանք փաստագրելը, այլև հասանելի դարձնելը»: