31/10/2024 09:51
«Փաստ». «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Ի մասնավորի, «Էլիտ պլազա» բիզնես կոնտրոնում գաղտնիության պայմաններում, «փակ դռների» հետևում, առանց լրատվամիջոցների կայացել է հավաք՝ մասնակցությամբ մի քանի հայաստանյան կուսակցությունների և տասնյակ հասարակական կազմակերպությունների: Հավաքի ժամանակ հայտարարվել է «Երրորդ ուժի» հարթակի ստեղծման մասին: Մեր ունեցած տեղեկություններով, մոտ երեք ժամ տևած միջոցառմանը մասնակցել է շուրջ 600 մարդ:
Ներկա են եղել հեղինակություն վայելող բազմաթիվ անձինք ոչ միայն Հայաստանից, այլև հայազգի տարբեր գործիչներ նաև արտերկրներից՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ, բավական բուռն քննարկումներ են տեղի ունեցել, հնչել են ուշագրավ կարծիքներ, հստակեցվել և ընդունվել է հարթակի «ճանապարհային քարտեզը»:
Ի դեպ, հիշեցնենք, որ, ինչպես տեղեկացրել էինք, դեռևս մարտի կեսերին Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը հայտարարել էր ուժեղ քաղաքական բևեռ ձևավորելու մասին` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք։ Դրանից հետո շարժումը մի քանի այլ մարդաշատ միջոցառումներ էր կազմակերպել նույն տրամաբանության շրջանակներում: Թե որքանով կապ ունեն նշյալ հավաքները, ճշտել չհաջողվեց: Մեր աղբյուրը նշեց, որ չի կարող ավելին գաղտնազերծել»։