31/10/2024 09:44
«Հրապարակ». Քյարամյանը ոչ թե վիրավորել, այլ օրհնել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում Քննչական կոմիտեին հատկացվող բյուջեի նախագիծն էր քննարկվում, և նիստին ներկա էր նաև ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որին, ըստ լուրերի, մի որոշ ժամանակ առաջ ՔՊ-ում պատրաստ էին բզկտել, քանի որ նախ արհամարհում էր պառլամենտը` որպես ինստիտուտ, և մերժում ֆրակցիայի հրավերները` ԱԺ գալու և ինչ-որ հարցեր փակ ֆորմատով քննարկելու: Իսկ հատկապես խորհրդարանական վերջին լսումներից հետո, երբ Քյարամյանն ակնհայտ անհարգալից, անվայելուչ պահվածք դրսևորեց խորհրդարանում, որոշ իշխանական պատգամավորներ հրապարակային հայտարարեցին, որ դա չպետք է անհետևանք մնա, ու ՔՊ-ում սպասում էին, որ Քյարամյանը պետք է լքի պաշտոնը կամ որևէ խիստ պատժի արժանանա։
Սակայն Քյարամյան-ՔՊ-ականներ շփումից պարզ դարձավ, որ անհիմն չեն այն խոսակցությունները, որ նա վայելում է վարչապետի և նրա կնոջ հովանավորչությունը, և նրանք չեն պատրաստվում ազատվել Քյարամյանից։ ՔՊ-ական տիկնայք երեկ այնպիսի զգուշավորությամբ ու հարգալից տոնով էին հարցեր տալիս ՔԿ նախագահին, հարց ու պատասխանի վերջում շնորհակալություն հայտնում, ընթացքում գլխով հավանություն տալիս Քյարամյանի ասածներին, որ կարելի էր կարծել, թե նա ոչ թե վիրավորել, այլ օրհնել է իրենց գործընկերոջը. Հասմիկ Հակոբյանը, Ալխաս Ղազարյանը, Սոնա Ղազարյանը, Էդգար Հակոբյանը` Քյարամյանին հարցեր տվող այս պատգամավորներից և ոչ մեկը նրան չհիշեցրեց նրա անվայելուչ պահվածքի և խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին»։