01/11/2024 14:30
FAF-ը շնորհակալություն է հայտնել Փյունիկին և Ուրարտուին
Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներ «Փյունիկն» ու «Ուրարտուն» միացել են ՀՖՖ նախագահի հրաժարականի՝ ֆան-ակումբների պահանջին։
FAF երկրպագուական շարժումն այդ առիթով իր շնորհակալական խոսքն է հղել երևանյան ակումբներին՝ հայտարարություն տարածելով։
«Շնորհակալ ենք «Փյունիկ» և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելու համար։ Սպասում ենք մյուս բոլոր ակումբների և ֆուտբոլային այլ գործիչների արձագանքներին։ Ֆուտբոլի խնդիրը բոլորինս է, բոլորս պետք է մասնակցենք հայկական ֆուտբոլի առողջացման պրոցեսին»,- գրված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջել էր Մակեդոնիայի հավաքականին, ինչը պատճառ էր հանդիսացել երկրպագուների բողոքի մեծ ալիքի։ FAF երկրպագուական շարժումը մի քանի անգամ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաշենքի մոտ իր բողոքի ակցիաներն է կազմակերպել՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը։
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրի՝ «Վեստ Արմենիա»-«Ալաշկերտ» և «Շիրակ»-«Գանձասար» խաղերում նույնպես բողոքի ակցիաներ կազմակերպվեցին։