01/11/2024 12:21
Որպես հայ չենք կարող լինել երջանիկ, երբ հեռանում ենք մեր ազգային արժեքներից. հիմա, առավել քան երբևէ, մեր ինքնությունը վտանգված է ու պաշտպանության կարիք ունի. Գագիկ Հարությունյան
«Արցախում էի ապրում, երբ սկսվեց մեր հայրենիքի դժբախտությունների շղթան, ես հայտնվում էի թեժ կետերում ու հասկանում, որ կատարվողը պետք է շատերին հասանելի դարձնեմ, ամեն բան նկարում էի հեռախոսով ու որոշ ժամանակ հետո հանկարծ նկատեցի, որ լուրջ արխիվ ունեմ»։ Կրթությամբ դերասան, մասնագիտությամբ վավերագրող Գագիկ Հարությունյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ համարում է, որ հիմա մեր պետությունն ավելի շատ վավերագրողների կարիք ունի։
«Հիմնադրեցի «Ինքնություն» հիմնադրամը, որի առաքելությունն է տեսանյութեր նկարահանելով թվայնացնել հայկական ինքնությունն ու որքան հնարավոր է այն տարածել՝ հատկապես երիտասարդների համար։ Արցախում էթնիկ զտման հետևանքով 5000-ից ավելի պատմամշակութային ու հոգևոր կոթող մնաց թշնամու տիրապետության տակ։ Սա մեծագույն հարված է մեր ինքնությանը, հիմա առավել քան երբևէ մեր ինքնությունը վտանգված է։ Մի դեպքում Ադրբեջանն է թիրախավորում, յուրացնում մեր մշակույթը, մյուս դեպքում ինքներս ենք կամովի հեռանում մեր մշակույթից. չգիտենք ո՛չ մեր պատմությունը, ո՛չ մեր ավանդույթներն ու ծես-ծիսակարգը, օրինակ՝ մեզ համար կարևոր միջոցառումներին պարում ենք անհայտ ծագման պարեր»։
Գագիկ Հարությունյանը համարում է, որ հիմա ամենահրատապ խնդիրն ինքնության պաշտպանության, մշակութային հանրություն ձևավորելու հարցն է։
«Հիմնեցինք «Ինքնություն» հիմնադրամը ու փորձում ենք այդ հրատապ հարցը մեր չափով լուծել, որովհետև մի պարզ ճշմարտություն հասկացանք՝ չենք կարող լինել երջանիկ հայ, եթե ապրում ենք անհասկանալի, հիբրիդային իրականությունում, չենք կարող լինել երջանիկ հայ, երբ հեռանում ենք մեր ազգային արժեքներից. ինքնության թուլացումն ի վերջո հանգեցնում է այլ ինքնություններին, մշակույթներին ձուլվելուն, իսկ ահա ուժեղ ինքնությունը կնպաստի ազգի կայունությանը, հարատևմանը։
Այն արհավիրքը, որ տեղի ունեցավ մեզ հետ Արցախում, նաև այն պատճառով էր, որ մենք մեր մշակույթի լիարժեք կրողը չէինք, մեր ինքնությունից օտարել էինք մեզ, հեռացրել էինք Արցախը մեզնից, գոնե հիմա գիտակից հայերը պիտի համախմբվեն, հիմա գործենք հանուն սերունդների, որ ապագայում ստիպված չլինենք Սյունիքի, Երևանի կորուստը ողբալ։
Հնարավորութուններ ունենալով չզբաղվել ինքնության պաշտպանությամբ՝ նշանակում է անտեսել սեփական «ես»-ն ու ապագա սերունդներին, ինչի իրավունքը մենք չունենք։
Ի դեպ, այս գործին լավ կլինի ներգրավվեն շատ հայեր, որ ինքնությունը պաշտպանողների արդեն իսկ ձևավորված համայնքն էլ մեծանա ու մեր արդյունավետությունն էլ մեծանա։ Փորձում ենք ակտիվ լինել տարբեր հարթակներում ու հանրության լայն շերտերին իրազեկել նախագծի մասին, ու յուրաքանչյուրը, ով կուզենա այս առաքելության մաս կազմել՝ կարող է դիմել մեզ։ Միասին շատ բան ունենք անելու»։