01/11/2024 15:47
«Ադրբեջան ագրեսո՛ր», «Ադրբեջան օկուպա՛նտ», «Ադրբեջան ցեղասպա՛ն». ՀՅԴ-ն COP29-ից առաջ պահանջում է հայ գերիներին ազատ արձակելու համար ճնշում գործադրել Բաքվի վրա
«Ադրբեջան ագրեսո՛ր», «Ադրբեջան օկուպա՛նտ», «Ադրբեջան ցեղասպա՛ն» վանկարկումներով բողոքի ակցի է իրականացվում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։
Ակցիայի մասնակիցները պահանջում են նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովից՝ COP29-ից առաջ ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելու ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Ակցիայի նախաձեռնությունը ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ինն է։
Մասնակցիները երթով շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ, ապա կլինեն նաև ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների առաջ։
«Մարդու իրավունքների և ազատությունների վատագույն ցուցանիշներ արձանագրած, նավթային բռնապետություն համարվող Ադրբեջանն ընդամենը մեկ տարի առաջ էր Արցախում էթնիկ զտումներ իրականացրել՝ բռնի տեղահանության ենթարկելով 120 000 արցախահայության: Բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանությունը։ Բաքվի բանտերում շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության: Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարավորություն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արյունոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի վարկանիշը։
Համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելու ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- ՄԱԿ-ի գրասենյակի առաջ կարդացին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը։