01/11/2024 17:12
Դուք լուռ հետևեցիք Արցախում ցեղասպանությանը․ Թադևոս Ավետիսյանը՝ Միացյալ Նահանգների իշխանություններին (Տեսանյութ)
Ռազմագերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները երթով հասան ԱՄՆ դեսպանատան մոտ։
«Դուք լուռ հետևեցիք Արցախում բռնի տեղահանմանը, ցեղասպանությանը»,- խոսք ուղղելով Միացյալ Նահանգների իշխանություններին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորը շեշտեց՝ իրենց ահազանգերին ու հորդորներին այդ ժամանակ ԱՄՆ իշխանություններն ականջալուր չեղան, բայց հիմա էլ հնարավորություն ունեն միջամտելու, որ հայ գերիներն ազատ արձակվեն Բաքվի բանտերից։
«Մենք դիմում ենք ձեզ, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եք, իսկ այդ ֆորմատը կա, որովհետև դուք չեք չեղարկել։ Մենք եկել ենք այստեղ, որովհետև մեր հայրենակիցները պատանդառված են մի երկրի մարդակեր իշխանությունների կողմից, որտեղ դուք նախատեսում եք ձեր հովանու ներքո միջազգային համաժողով (COP-29-խմբ․)
ԱՄՆ-ն աշխարհին ներկայանում է որպես արդարության առաջամարտիկ։ Բայց մենք արձանագրում ենք, որ գործում է երկակի ստանդարտ։ Կոչ ենք հղում, որ ԱՄՆ տեր կանգնի իր հռչակած արժեքներին, բռնի 21-րդ դարում ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանի ձեռքը։ Դուք, հետևելով ձեր հռչակած արժեքներին, միջազգային իրավունքի ձեր հռչակած նորմերին, ունեք պարտավորություն՝ հայ գերիներին Ադրբեջանից վերադարձնելու»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։