01/11/2024 13:06
Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են գողություն ավտոտեխսպասարկման կետից
Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հոկտեմբերի 23-ին: Եղեգնաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի ժամը 21.30-ից հոկտեմբերի 23-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դռան փականը կոտրել, մտել էին Եղեգնաձորի Երևանյան խճուղում գտնվող իր ավտոտեխսպասարկման կետ և կատարել գողություն:
Պարզվել էր, որ մետաղյա պահարանից գողացել էին 250 հազար դրամ, իսկ սրահից՝ ավտոմեքենա վերանորոգելու համար նախատեսված բանալիների հավաքածու, ինչպես նաև կոտրել էին մուտքի մոտ տեղադրված սրճեփ սարքը և գողացել մանրադրամները: Տուժողին պատճառվել էր մոտ 940 հազար դրամի վնաս:
Գողության փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են Վերնաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա և Երևանի բնակիչ 40-ամյա երկու տղամարդիկ:
Նրանք հրավիրվել են Եղեգնաձորի բաժին, որտեղ խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք: Նաև պարտավորվել են վերադարձնել գողոնը:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն:
Նախաքննությունը շարունակվում է: