01/11/2024 19:53
Մենք այդպիսի «եվրոպական արժեքներ» չենք ուզում և ոչ մի դեպքում չենք չեղարկի ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը․ Վրաստանի իշխող կուսակցություն
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը երբեք չի հրաժարվի երկրում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքից, անգամ եթե այդ պարագայում ԵՄ անդամակցության գործընթացը մի քանի տարով հետաձգվի, հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Եթե ԵՄ անդամակցության հարցում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը ժամանակավոր խոչընդոտ հանդիսանա, մենք այդ «եվրոպական արժեքները» հաշվի չենք առնի։ Ավելի լավ է՝ եվրաինտեգրումը 2-3 տարով հետաձգվի, բայց մենք երբեք, ընդգծում եմ՝ երբեք չենք չեղարկի ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը»,- ասել է Մդինաարաձեն՝ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները եկող սերունդների արժանապատիվ, ավանդույթների վրա հիմնված ապագան ոչ մի դեպքում չեն ստորադասի քաղաքական մանր շահերին։
«ԼԳԲՏ քարոզչությունը եվրոպական արժեք չէ։ Մենք այդպիսի Եվրոպա չենք ուզում և չենք էլ կարող պատկերացնել»,- հավելել է Մդինարաձեն։