01/11/2024 14:23
«Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում (Տեսանյութ, Լուսանկարներ)
Ստեփանավանի դենդրոպարկ տանող ճանապարհին 2019-ից գործում է «Տորմակ» հյուրատունը, որը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Գյուլագարակ գյուղի Տորմակ վանքի պատվին իր անվանումը ստացած հյուրատունը տարեցտարի աճող հյուրերի շնոհիվ ընդարձակվելու կարիք ուներ։
«Տորմակ» հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով հնարավոր դարձավ ընդլայնել հյուրատունը՝ կառուցելով երկհարկանի սենյակ։
«Երրորդ սենյակի գաղափարն առաջացավ, երբ մեզ մոտ ցանկանում էին հյուրեր գալ, բայց մեր սենյակները չէին բավարարում և մեծ թվով հաճախորդներ էինք կորցնում։ Որոշեցինք, որ անհրաժեշտ է երրորդ առանձնացված սենյակն ունենալ։ Գաղափարը վաղուց կար, բայց չգիտեմ՝ կկարողանայի՞նք այն կյանքի կոչել, եթե չլիներ Ակբա Ֆեդերացիայի և NABU-ի այս ծրագիրը։ Մեր հյուրերին առաջարկում ենք օգտվել անվճար տուրից. մեքենայով այց սարերում գտնվող ֆերմա, որտեղ կարելի է զբոսնել, վայելել հաճելի տեսարանն ու ծանոթանալ այնտեղի առօրյային»,- նշել է «Տորմակ» հյուրատան հիմնադիր Վրույր Այվազյանը։
Հյուրատան ամենաակտիվ շրջանը սոճիների փոշոտման շրջանն է. անտառներում արտադրվում են հատուկ նյութեր, որոնք չափազանց օգտակար են շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։ «Տորմակ» հյուրատունը ընտանեկան անմիջականություն ու ձգողականություն ունի, այստեղ եկող հյուրերը յուրաքանչյուր տարի վերադառնում են: