01/11/2024 20:45
Սկզբում կոտրել են մուտքի մոտ դրված սրճեփ սարքն ու գողացել մանրադրամները, հետո՝ թալանել ավտոտեխսպասարկման կետը
Ոստիկանությունից հայտնում են՝ Եղեգնաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել է, որ մուտքի դռան փականը կոտրել, մտել են Երևանյան խճուղում գտնվող իր ավտոտեխսպասարկման կետ և կատարել գողություն: Պարզվել է, որ մետաղյա պահարանից գողացել էին 250 հազար դրամ, իսկ սրահից՝ ավտոմեքենա վերանորոգելու համար նախատեսված բանալիների հավաքածու, ինչպես նաև կոտրել էին մուտքի մոտ տեղադրված սրճեփ սարքը և գողացել մանրադրամները: Տուժողին պատճառվել է մոտ 940 հազար դրամի վնաս:
Գողության փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Վերնաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա և Երևանի բնակիչ 40-ամյա երկու տղամարդիկ:
Նրանք հրավիրվել են Եղեգնաձորի բաժին, որտեղ խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք: Նաև պարտավորվել են վերադարձնել գողոնը:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն: Նախաքննությունը շարունակվում է: