01/11/2024 10:54
Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվովի հայ համայնքի հետ
Հոկտեմբերի 30-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
«Ջերմ, ընկերական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է իր պաշտոնավարման ավելի քան երեք տարիներին, մասնավորապես դեսպանության գործունեության ընթացքում արձանագրված հաղթանակներին ու հաղթահարված դժվարություններին:
Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ համագործակցությունը Լվովի հայ համայնքի հետ եղել է օրինակելի, ինչը նպաստել է հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել համայնքի բոլոր անդամներին ակտիվ մասնակցության և աջակցության համար, հատկապես դժվարին 2022 թվականին, երբ դեսպանությունը ժամանակավորապես տեղափոխվել էր Լվով:
Համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել դեսպանին արված աշխատանքի, Լվովի համայնքի հարցերը մշտական հետաքրքրության կենտրոնում պահելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։