01/11/2024 11:44
Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներով երկրներում
Այսօր սոցցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղեւորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված որոշակի անհարմարություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։
«Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին մետրոյի ծանրաբեռնվածությունը երբեմն կարող է առաջացնել անհարմարություններ, քանի որ ուղևորափոխադրումը բավականին ավելացել է, բայց պետք է նշեմ, որ նման ծանրաբեռնվածությունը՝ հատկապես մեծ քաղաքների մետրոյի համակարգերի համար, բնորոշ երևույթ է:
Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել նաև աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում, որտեղ մետրոյի կայարաններում հերթապահում են, այպես կոչված, «տափանորդները»․ նրանք ամրակազմ տղամարդիկ են, ովքեր պիկ ժամին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին հրելով տեղավորում են:
Իհարկե, հասկանում եմ, կասեք մի համեմատեք Ճապոնիայի հետ, բայց չմոռանանք, որ նման խնդիր ունի անգամ զարգացած համակարգ ունեցող երկիրը։
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր քաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունն ու շնորհակալ ենք Ձեր համբերության, ըմբռնման և մեզ հետ այս իրավիճակը բարելավելու պատրաստակամության համար»,- գրել է նա: