01/11/2024 12:37
Կատարում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել
Կատարի Պետություն այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիա:
Ակադեմիայի աշխատակազմի հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, մասնավորապես՝ երկու երկրների ոստիկանության ակադեմիաների համագործակցության, կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կրթահամալիրների սովորողների փոխանակման ծրագրերի շուրջ:
Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Կատարի Պետության ՆԳ նախարարության Քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրինություն: Պատվիրակության անդամները ծանոթացել են արագ արձագանքման, մոնիթորինգի ստորաբաժանումների, ինչպես նաև փրկարարների աշխատանքին, զրուցել են աշխատակիցների հետ:
Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի Պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին, որի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Կատարի Պետության գործընկերների հետ: