02/11/2024 10:53
Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով. Տիգրան Աբրահամյան
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև` կոնկրետ անվտանգության խնդիր է, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով` hայ-թուրքական գործընթացի տարբեր փուլերում` անկախության հռչակումից մինչև Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում:
Պատգամավորն ընդգծել է` Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով:
«Նաև սրանով է պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, դրանց խորհրդարաններ ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլև տարաբնույթ բանաձևեր են ընդունել:
ՀՀ-ում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողի այն հայտարարությունը, թե «Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի թիվ մեկ առաջնահերթություն չէ, իսկ ցեղասպանությունը, պատմական իրադարձությունների ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգ չէ», խոսում է ոչ միայն գործող իշխանության` թուրքական առաջնահերթություններով առաջնորդվելու, այլև Հայաստանի անվտանգությունը նոր հարվածի տակ դնելու մասին»,- գրել է Աբրահամյանը: