02/11/2024 12:08
Ոստիկանությունը պատանդի կարգավիճակով գտնվում է իշխանությունն ուզուրպացրած անձանց ձեռքում. հայկական պետության գոյությունը կասկածի տակ է. Հովհաննես Ավետիսյան (Տեսանյութեր)
Անօրինական ձերբակալված, ապա ազատ արձակված կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը պնդում է` իրեն անհիմն մեղադրանքով ձերբակալելն այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով իրեն փորձում են ահաբեկել և լռեցնել:
Նա այսօր ուղերձով դիմեց Ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին:
«ՀՀ ոստիկանական համակարգում աշխատում են իմ քույրերն ու եղբայրները, հետևաբար, ոչ մի պարագայում ՀՀ ոստիկանությունը չի հանդիսանում այս ուղերձի թիրախը: Ոստիկանությունը գտվում է Հայաստանի ժողովրդին խաբած ու ժողովրդավարության անվան տակ իշխանությունն ուզուրպացրած անձանց ձեռքում` պատանդի կարգավիճակում»,- ասաց Ավետիսյանը:
Նա հայտարարեց, թե ոստիկանության գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր` ճնշելու ու լռեցնելու Հայաստանի գիտակից քաղաքացիներին:
«Հայտարարում եմ` իմ ու ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր օրինապաշտ քաղաքացիների նկատմամբ ծավալված այսօրինակ անհամաչափ ու անհիմն գործողություններն ունեն քաղաքական համատեքստ»,- ընդգծեց Ավետիսյանը:
Հաշվի առնելով, որ ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում ԱՄՆ կառավարությունն ունի նշանակալի ու ազդեցիկ դերակատարում` նա դիմեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին:
«ԱՄՆ կառավարության ջանքերն ու աջակցությունը ակնհայտորեն փոշիացվում են, քանի որ օրվա իշխանության կողմից դրանք չեն ծառայեցվում Հայաստանում ժողովրդավարական համակարգ հաստատելուն, արդարադատության իրապես արդար համակարգ ունենալուն, օրինականության ու մարդասիրության սկզբունքներով առաջնորդվող ոստիկանություն ունենալուն»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:
Նա ԱՄՆ դեսպանին հորդորեց կասկածի տակ առնել իրենց կառավարության կողմից այս իշխանությանը տրամադրվող աջակցության արդյունավետությունն ու նպատակայնությունը:
«Հորդրում եմ թույլ չտալ, որ ձեր կառավարության աջակցությունը կիրառվի Հայաստանում ավտորիտար համակարգ ստեղծելու ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում»,- հավելեց կառավարման մասնագետը:
Նա դիմեց նաև Հայաստանի երիտասարդներին` շեշտելով` հայկական պետության գոյությունը կասկածի տակ է:
«Երիտասարդներն են, որ կարողանալու են դառնալ համախմբման առանցքը»,- նշեց նա:
Մանրամասները` տեսանյութերում: