02/11/2024 18:27
«Նիկոլը լվանում է Թուրքիայի արյունոտ երեսը․ Անցել են ուրացման քաղաքականությանը, որովհետև առ այսօր անպատիժ են մնում հայ ժողովրդի դեմ գործած իրենց հանցանքների համար»․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
«Հայոց ցեղասպանության մասին Արարատ Միրզոյանի վերջին հայտարարություններին ինչպե՞ս եք վերաբերվում» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասել է․
«Այնպես, ինչպես կվերաբերվի ցեղասպանությունը վերապրածների ընտանիքի զավակը… Այնպես, ինչպես կվերաբերվի ցանկացած նորմալ հայ… Այնպես, ինչպես կվերաբերվի ցանկացած նորմալ մարդ՝ անկախ ազգությունից և կրոնից…
Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է։ Սրանց անբարոյանականության հերթական հակառեկորդը կանխատեսելի էր դեռևս 2018-ից: Սրանք թեպետ պաշտոնական թղթերում հիշատակում էին Հայոց ցեղասպանության հարցը, սակայն ռեալ գործողություններով անում հակառակը՝ Նիկոլի, կառավարության, ԱԺ-ի մակարդակներում։
Դեռևս «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ապրիլին հրապարակավ հայտարարել էի, որ ոչ մի հոգով նիկոլական Ծիծեռնակաբերդ գնալու իրավունք չունի։ Ժամանակը ցույց տվեց, որ կրկին իրավացի էի։ Հիմա սրանք անցել են ուրացման բացահայտ քաղաքականությանը, որովհետև առ այսօր անպատիժ են մնում հայ ժողովրդի դեմ գործած իրենց հանցանքների համար։
Ավելորդ է ասել, որ Միրզոյանի սրիկայությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, սրանց կառավարության ծրագրին և ազգային անվտանգությանս ռազմավարությանը։ Այս դեպքում շատ ավելի կեղտոտ է և վրդովվեցնող ոչ թե գրված, այլ չգրված օրենքների լպիրշ ոտնակոխումը։
Կրկնեմ. Հայոց ցեղասպանության հարցի ուրացումն ունի նաև լրջագույն միջազգային հետևանքներ։ Նախ հարված է հասցվում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներին, որոնցում Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր մասն է։ Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյունոտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում։ Հարվածի և հարցականի տակ է դրվում նաև միջազգային քաղաքական շրջանակների տասնյակ տարիների պայքարն ու աշխատանքը։
Ցանկանում եմ հիշեցնել անվանի ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի այն բանաստեղծությունը, որը նա գրել էր ստալինյան ռեպրեսիաների ժամանակ և որի պատճառով նրան կալանավորեցին, դատապարտեցին և կալանքում փաստացի սպանեցին։ Այս ստեղծագործությունն իր էությամբ այսօրվա Հայաստանի մասին է.
«Мы живем, под собою не чуя страны,
Наши речи за десять шагов не слышны,
А где хватит на полразговорца,
Там припомнят кремлевского горца.
Его толстые пальцы, как черви, жирны,
А слова, как пудовые гири, верны,
Тараканьи смеются усища,
И сияют его голенища.
А вокруг него сброд тонкошеих вождей,
Он играет услугами полулюдей.
Кто свистит, кто мяучит, кто хнычет,
Он один лишь бабачит и тычет,
Как подкову, кует за указом указ:
Кому в пах, кому в лоб, кому в бровь, кому в глаз.
Что ни казнь у него — то малина
И широкая грудь осетина».
Осип Мандельштам